Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը ևս արձագանքել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված բաց նամակին, որում «Դավիթ Հարությունյանե ստորագրած անձը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին մեղադրում է աշխատանքային ինքնակենսագրությունը կեղծելու մեջ՝ վկայակոչելով իր էլեկտրոնային նամակագրությունն աշխարհի տարբեր նվագախմբերի հետ։
Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրին հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին ուսումնասիրելու իրենց մոտ առկա փաստերն ու նյութերը. «Խնդրում ենք անպայման ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր վկայակոչած էլեկտրոնային նամակների բնօրինակներով»:
Նման հանդիպումից և նյութերի ուսումնասիրությունից հետո Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրի հետ համատեղ ասուլիսի անհրաժեշտություն է տեսնում։
«Մեզ համար փոքր-ինչ զարմանալի է, որ չենք ճանաչում Ձեզ՝ որպես դասական երաժշտության այդքան ջերմեռանդ ջատագովի: Տարօրինակ է նաև, որ գոնե մեկ անգամ համերգասրահ այցելելուց և մեր նվագախմբի հերթական բարձրորակ կատարմանը ներկա գտնվելուց հետո (եթե այդպիսի դեպք գրանցվել է Ձեր կյանքում) կարող եք այդքան ժամանակ կորցնել՝ Թոփչյանի արտասահմանյան ելույթների ցանկն ուսումնասիրելու և նամակագրություն-բանսարկություն պատրաստելու վրա՝ չնկատելով ու չգնահատելով այն, ինչ ունենք այսօր և ինչին հասել ենք տարիների ընթացքում, գերազանցապես հենց մաեստրո Թոփչյանի գործուն ջանքերի ու աննկուն աշխատանքի շնորհիվ»:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը նամակագրին մեկ անգամ ևս սիրով հրավիրում է համերգասրահ (Երևան, Մաշտոցի 46) «Օրն ու ժամը թողնում ենք Ձեր հայեցողությանը»: